14:00
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության ծրագիրը
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության ծրագիրը

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը (այսուհետ նաև՝ Կուսակցություն) հայկական համազգային կուսակցություն է։
Կուսակցության նպատակներն ու գործունեությունը բխում են Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս բնակվող հայության ներուժի, տաղանդի և ջանքերի միավորման, ազգի և հայրենիքի հարատևության, հայ ընտանիքների խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ներկայի և ապագայի կերտման անհրաժեշտության գաղափարներից։ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության գաղափարախոսությունը հիմնված է հայությանը միավորելու աներկբա անհրաժեշտության կարևորագույն գաղափարի վրա։ Կուսակցության գործունեության հիմնական նպատակն է հայ ազգի ներուժի կենտրոնացումը հայրենիքում, Հայաստանի Հանրապետության և հայության անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը՝ ազգային դիմագծի պահպանման կարևորագույն առաքելությամբ։
Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմությունը և իր կողմից կերտված բարոյական բարձր արժեքները պետք է պահպանի և շարունակի հատկապես մերօրյա իրողությունների պայմաններում։

Կուսակցության կարևորագույն խնդիրներից և նպատակներից են՝
1. Համայն աշխարհում հայերի ազգային միասնության ձևավորումը, ամրապնդումն ու հզորացումը,
2. Արցախահայության բոլոր իրավունքների պահպանումն ու պաշտպանությունը՝ հասնելու Արցախի վերականգնմանը՝ որպես համայն հայությանը միավորող գաղափար,
3. Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգերի շարունակական ամրապնդումն ու զարգացումը՝ մերօրյա մարտահրավերներին համապատասխան,
4. Հայապահպան կրթական համակարգի ամրապնդումը,
5. Հայաստանի Հանրապետության տնտեսության շարունակական զարգացումը, կարևորելով հատկապես արդյունաբերական նոր ճյուղերի, այդ թվում և ռազմաարդյունաբերության զարգացումը՝ մերօրյա տարածաշրջանային իրողությունների հրամայականներին համապատասխան,
6. Իրապես անկախ, անաչառ և օբյեկտիվ դատական համակարգի վերջնական կայացումն ու ամրապնդումը,
7. Կոռուպցիայի դեմ անողոք պայքարը, կոռուպցիայի ի սպառ բացառումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր։

Պետության գործունեության վերաբերյալ Կուսակցությունն ունի հետևյալ հիմնական մոտեցումները․
1. Պետության շարունակական առաջընթացը և հզորացումը, պաշտպանունակության ամրապնդումը հայ ազգի անվտանգության, բնականոն զարգացման և բարեկեցության գլխավոր երաշխիքն է։
Հայաստանի Հանրապետության առջև ծառացած են անվտանգային լրջագույն խնդիրներ և մարտահրավերներ։ Պետութունը և հասարակությունը պետք է ներդնեն առավելագույն ջանքեր երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ։ Այս ուղղությամբ գլխավոր քայլերից են հայ ազգի մարտական ոգու, ապագա հաղթանակների, ինքնիշխան և անկախ պետության հարատևման հանդեպ հավատի վերականգնումը։
Ժամանակակից պաշտպանական ռազմատեխնիկական համակարգերի ներդնումը, հայկական ազգային ռազմաարդյունաբերական համալիրի կայացումը, սեփական զինտեխնիկայի լայնամասշտաբ արտադրությունը, գիտության նորագույն նվաճումների օգտագործումը ՀՀ պաշտպանունակության ամրապնդման հարցում ժամանակի հրամայականն են։
Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի հայոց բանակի պաշտպանական ենթակառուցվածքների համալրման և ամրապնդման, հայոց բանակի ժամկետային զինծառայողների և սպայական կազմի անվտանգ ծառայության իրականացումն ապահովելու ուղղությամբ։
Պետության պաշտպանունակության ամրապնդման խնդրի լուծման հարցում կարևորագույն դեր ունի պայմանագրային զինծառայողի ինստիտուտի կայացումը։ Ժամանակի հրամայականն է ինչպես պայմանագրային ծառայողների վերապատրաստման ծրագրերի շարունակական իրականացումը, այնպես էլ բարձր սոցիալական երաշխիքների ապահովումը՝ թե՛ պայմանագրային զինծառայողների արժանապատիվ աշխատավարձերի սահմանմամբ, թե՛ ապահովագրական մեխանիզմներով և ծառայության ավարտից հետո արժանապատիվ հատկացումների տրամաբանությամբ։
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինծառայող պետք է զգա և գիտակցի, որ պետությունն իր մասին հոգում է նույնպիսի նվիրվածությամբ, ինչպիսին է զինծառայողների նվիրվածությունը հայրենիքին և նրա սահմանների պաշտպանությանը։
Ոչ պակաս կարևոր է հայ ազգի զինվորական պատրաստականության ապահովումը։ Այս կապակցությամբ էական է համապատասխան ծրագրերի ներդնումն ու իրականացումը դպրոցական և բուհական հաստատություններում, ինչպես նաև այդ հաստատություններում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների պահպանման և կատարելագործման համար պետական պարբերական ծրագրերի իրականացումը։
Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ սանձազերծել ցանկացող յուրաքանչյուր ուժի համար պետք է ակնհայտ լինի, որ համարժեք պատասխանի է արժանանալու պետության զինված ուժերի կողմից։

2. Արցախյան վերջին պատերազմը, Արցախի բռնազավթումն ու բռնի հայաթափումը հսկայածավալ կորուստներ և ցավ պատճառեցին հայ ժողովրդին։ Թշնամին երբեք չի վարանել փորձեր կատարել սասանելու մեր ժողովրդի միասնականությունը, մեր ոգու ամրությունն ու մեր պետականությունը, սակայն չի կարող ընդհատվել պատմությունը մի ժողովրդի, որ գալիս է հազարամյակների խորքից, որը հազարամյակների ընթացքում անցել է փառապանծ ուղի՝ չերկնչելով, չհանձնվելով, ծնկի չգալով որևէ արհավիրքի առջև։
Մեր ժողովրդի ոգու ամրությունը և միասնականությունը լավագույնս պետք է դրսևորվեն այն ծանրագույն ժամանակահատվածում, երբ յուրաքանչյուրս պետք է փորձի իր ներդնումն ունենալ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու, նրանց կարիքներին արձագանքելու, Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում նրանց հաստատվելու, իրենց կյանքը նորոգելու դժվարին ուղու կերտման գործում։ Հայ ժողովուրդը պարտավոր է թույլ չտալ ազգային կյանքում ատելության և պառակտման սերմանում։ Պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցները Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բոլոր կարիքները (կենցաղային, աշխատանքային, բնակարանային, առողջապահական, կրթական, իրավական և այլ) բացահայտելու և այդ կարիքները բավարարելու համար ամենակարճ ժամկետներում մեխանիզմներ մշակելու և իրագործելու ուղղությամբ՝ առաջնային նպատակ ունենալով թույլ չտալ Արցախի բնակչության արտահոսք արտերկիր, համախմբելով մեր հայրենակիցներին հայրենիքում։
Այժմ հայ ժողովուրդը կանգնած է նաև նոր մարտահրավերների առաջ՝ թույլ չտալու, որպեսզի մեր կյանքում արմատավորվի կործանարար հարմարվողականությունն ու անտարբերությունը Արցախի բռնազավթման հանդեպ։։
Պետության համար արցախահայության իրավունքների պաշտպանությունը, Արցախի վերականգնումը պետք է հանդիսանան ներքին և արտաքին քաղաքականության գլխավոր ուղենիշը։ Պետության ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի արցախահայության հիմնախնդիրները միջազգային իրավասու բոլոր ատյաններում քննարկման առարկա դարձնելուն, արցախահայության իրավունքների պաշտպանությանը, իրենց հայրենի օջախները վերադարձի ապահովմանը և արցախյան հիմնախնդրի հայանպաստ ամբողջական կարգավորմանը։
Մեր պետությունը և հայ ժողովուրդը պետք է ներդնեն բոլոր ջանքերը Արցախի վերականգնման և ծաղկման բարձրագույն նպատակին հասնելու համար։

3. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես ազգային եկեղեցի, բացառիկ առաքելություն ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման, ազգային արժեքների կերտման և ազգային ինքնության պահպանման գործում։ Դարեր շարունակ հայոց եկեղեցին հանդիսանում է հայ ժողովրդի գոյության կարևորագույն հիմնասյուներից մեկը։ Հայոց պետականության բացակայության դժվարին ժամանակահատվածներում եկեղեցին է հանդիսացել այն միակ ուժը, որը միավորել է հայ ժողովրդին, հոգացել հայոց լեզվի, հայկական մշակութային ժառանգության պահպանման, ազգային կրթության կազմակերպման մասին, լուծել հայ ժողովրդի առջև ծառացած սոցիալական խնդիրները, նպաստել ազգային պետականության վերակերտմանը և հայ ժողովրդի կյանքի վերընձյուղմանը հայրենի հողում։ Եկեղեցու ազգապահպան և պետականակերտ դերն անուրանալի է։ Պետությունը պետք է նպաստի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառույցի պահպանությունը և հզորացմանը, աջակցի վերջինիս խնդիրների լուծմանն ինչպես Հայաստանի Հանրապետության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Պետական միջամտություն պահանջող ցանկացած հարցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես պետք է զգա պետության հովանավորությունն ու աջակցությունը։ Իր հերթին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է շարունակի իր ազգապահպան առաքելությունը, անմիջական ներգրավվածություն ունենա հայ ժողովրդի ներկայի և ապագայի կերտման, հայ ժողովրդի հոգևոր ներուժի համախմբման և ամրապնդման, սոցիալական ամենատարբեր խնդրի լուծման դժվարին գործին։ Պետություն-եկեղեցի ամուր կապը, կուռ միասնությունը և սերտ փոխգործակցությունն են հայ ժողովրդի ազգապահպանության և ազգային առաջընթացի գլխավոր գրավականները։

4. Պետությունը պետք է ապահովի իրական ժողովրդավարությունը երկրում, որի գլխավոր նախապայմանը իրապես ազատ ընտրական համակարգի կայացումն է։ Ընտրությունները ժամանակակից կյանքում հանդիսանում են քաղաքական իշխանության ձևավորման ամենակարևոր մեխանիզմը։ Ընտրություններն են միակ օրինական ճանապարհը ինչպես իշխանության ձևավորման, այնպես էլ նրա փոփոխությունն ապահովելու հարցում։ Ընտրություններն են հնարավորություն ընձեռնում որոշել, թե ինչպիսին է հասարակության քաղաքական կամքը և ժողովրդին մասնակից դարձնել Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական գործընթացներին։ Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որը պետք է ունենա իրական հնարավորություն իր ազատ կամարտահայտությամբ իշխանություն ձևավորելու հարցում։ Հայ ժողովրդի ազատ կամքի արտահայտման ապահովումը պետության ուղղակի պարտականությունն է։ Այս խնդրի արդյունավետ իրականացման համար պետությունը պետք է ապահովի հասարակության անդամների բավարար իրազեկումն իրենց քաղաքական իրավունքների և դրանց իրականացման մեխանիզմների վերաբերյալ, զարգացնի ընտրությունների անցկացման թափանցիկությունն ապահովող տեխնիկական հնարավորությունները, ապահովի թե՛ ակտիվ և թե՛ պասիվ ընտրական իրավունքներից օգտվող քաղաքացիների և քաղաքական ուժերի իրավունքների պաշտպանության արդյունավետ վարչական և դատական մեխանիզմներ։
Ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գրավականն է պետության քաղաքացիների ներգրավվածությունը պետական մարմինների կողմից որոշումների կայացմանը, ուստի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձայնը լսելի պետք է լինի պետական բոլոր կառույցների համար։ Այս նպատակին հասնելու համար պետությունը պետք է ապահովի տեղեկատվություն փնտրելու և ստանալու, խոսքի ազատության իրավունքների իրացումը, բազմակարծությունը, մամուլի ազատությունը։

5. Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի իր քաղաքացիների բարեկեցիկ կյանքի կառուցման ուղղությամբ, պաշտպանի իր քաղաքացիների արժանապատվությունը, ըստ արժանվույն գնահատի նրանց վաստակը Հայրենիքի առջև՝ գործունեության ցանկացած ոլորտում՝ պետության պաշտպանություն, գիտություն, մշակույթ, սպորտ և այլն։
Անձի արժանապատիվ գոյության իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված անքակտելի իրավունքն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը, որպես սոցիալական պետություն, պարտավոր է ապահովել իր քաղաքացիների աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի դիմաց համաչափ վարձատրության, հանգստի, մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք։
Պետության կողմից նոր աշխատատեղերի ստեղծումը, Հայաստանի Հանրապետությունում մասնավոր անձանց և կազմակերպությունների կողմից նոր ձեռնարկությունների ստեղծման խթանումը, նվազագույն աշխատավարձի չափի սահմանումը՝ հիմնվելով սպառողական զամբյուղի իրական ցուցանիշների վրա, բնակչության պարտադիր առողջապահական ապահովագրության, պարտադիր անվճար կրթական և բժշկական օգնության, արժանապատիվ ծերություն անցկացնելու հնարավորություն ընձեռնող կենսաթոշակային համակարգերի ներդրումը ՀՀ քաղաքացիների՝ վերը նշված իրավունքների արդյունավետ իրացման գրավականն են, և պետությունը պետք է այս ուղղությամբ մշակի և գործարկի անհրաժեշտ մեխանիզմներ։
Պետությունը պետք է ձևավորի գործուն ինստիտուտներ օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվական աջակցության ցուցաբերման, նրանց իրավունքների խախտման դեպքում՝ իրավաբանական օգնության արագ և արդյունավետ տրամադրման, կարիքն առաջանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տարհանումն ապահովելու, Հայաստանի Հանրապետության քաղաքցիներին բժշկական օգնության տրամադրման և այլ ուղղություններով։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է զգա իր պետության հոգածությունն ու պաշտպանությունը ինչպես Հայաստանի Հանրապետության ներսում, այնպես էր դրա սահմաններից դուրս։

6. Պետությունը պետք է ապահովի բնականոն միջազգային ինտեգրումը, տնտեսական կապեր հաստատի հնարավոր բոլոր արտասահմանյան կառույցների և պետությունների հետ՝ զարգացնելով փոխշահավետ համագործակցությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի։
Արտաքին տնտեսական կապերի հաստատումը և խորացումը հայրենական ապրանքների արտահանման ծավալների ավելացման, առևտրի ավելի լավ պայմանների ապահովման, շուկայի չափերի ընդլայնման, արտաքին շուկաներ գրավելու, ներդրումների ներգրավման, գործազրկության կրճատման, դրամաշրջանառության կտրուկ աճի, արտաքին առևտրատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնող ենթակառուցվածքների զարգացման, նորագույն տեխնոլոգիաների տարածման գրավականն են։

7. Պետությունը պետք է ապահովի սփյուռքի հզոր ներուժի համախումբը։ Անուրանալի է հայկական սփյուռքի դերակատարությունը հայրենիքի կյանքում։ Սփյուռքի մեծածավալ ջանքերի շնորհիվ է, որ հայ ժողովրդի պահանջատիրությունը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում իր արձագանքն է գտել միջազգային հանրությունում և տարեցտարի ընդլայնվում է այն պետությունների շրջանակը, որոնք ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։
Մեծ է հայկական սփյուռքի դրական ազդեցութունը հայաստանյան կյանքի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և ծառայությունները, ապրանքաշրջանառությունը, մշակույթը։ Հայկական սփյուռքի ներուժի համախմբումը հնարավոր է կրթական ծրագրերի ներդրմամբ, սփյուռքի մեր հայրենակիցների՝ Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչություններում աշխատանքի համար պայմաններ ապահովելով, գիտական ծրագրերի իրականացման համար ֆինանսավորում տրամադրելով և այդ ծրագրերի արդյունքները Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ օգտագործելով, տնտեսական գործունեություն Հայաստանի Հանրապետությունում սկսելու համար արտոնություններ տրամադրելով։
Պետք է գիտակցել, որ սփյուռքահայությունը ևս ունի իր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։ Հայաստանի Հանրապետությունը պետք է մշակի իր ներքին և արտաքին քաղաքականությունը ոչ միայն հայկական սփյուռքի գոյությամբ ընձեռնվող հնարավորությունները ի նպաստ Հայաստանի Հանրապետության ռեալիզացնելու տրամադրությամբ, այլև հստակ գիտակցի իր պարտականությունը՝ աջակցելու սփյուռքահայության տարաբնույթ խնդիրների լուծմանը։ Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունավետությունը կբազմապատկվի միայն այն դեպքում, երբ սփյուռքահայ մեր հայրենակիցները կզգան, որ հայրենիքը նույնքան ականջալուր և հետևողական է իրենց առջև ծառացող խնդիրների լուծմանը, որքան իրենք են անմնացորդ ջանք ներդնում հայրենքին օգնելու հարցում։

8. Ավանդական ընտանիքը հայ հասարակության հիմքն է։ Կայուն ընտանիքների ձևավոումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից։
Պետությունը պետք է հետևողականորեն և շարունակական կերպով աջակցություն տրամադրի հայ ընտանիքներին՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության բնակչության աճի խթանման, բարձր արժեքային համակարգ ունեցող և պետական շահով առաջնորդվող հասարակության կերտման տեսլականով։ Պետության գործունեության կարևորագույն նպատակներից պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության բնակչության աճի ապահովումը։ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը ենթադրում է նախ այդ բնակավայրերի բնակեցվածության ապահովում, ուստի՝ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում բնակության անհրաժեշտ և բավարար պայմանների ստեղծման ուղղությամբ, խթանի սահմանամերձ և գյուղական բնակավայրերում կրթական, պաշտպանական, մշակութային, սպորտային, տնտեսական այնպիսի ենթակառուցվածքների ներդնումը, որպեսզի  այդ բնակավայրերի բնակչությունն անհրաժեշտություն չունենա իր կենսական պայմաններն ապահովելու ելքը փնտրել և գտնել մայրաքաղաք կամ մարզկենտրոններ մշտական բնակության տեղափոխվելու մեջ։

9. Կրթությունը, գիտությունն ու մշակույթը պետք է ծառայեն հայ ազգի հոգևոր և նյութական արժեքների պահպանմանն ու զարգացմանը։ Կրթությունը, գիտությունը և մշակույթը պետք է լինեն պետական հոգածության հիմնական ուղություններից։
«Կիրթ քաղաքացի, բարեկեցիկ պետություն» թեզը պետք է հանդիսանա պետության գործունեության գաղափարական հիմքերից մեկը, քանի որ տարբեր ոլորտներում մասնագիտական գիտելիքներով զինված քաղաքացիների զբաղվածությունը հայրենի պետության կայացման և հզորացման առաջնային գրավականներից է։ Պետությունը պետք է սահմանի կրթական ծրագրերի չափորոշիչները, դասավանդման ենթակա նյութերի բովանդակությունն այն տրամադրությամբ, որ նախակրթական, դպրոցական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրվող կրթության հիմքում ընկած լինել հայապահպանության, ուսումնական հաստատությունների ունկնդիրների կարողությունների բացահայտման և զարգացման, սեփական հայրենիքի և ժողովրդի պատմության և մշակույթի ամբողջական և ճիշտ ուսումնասիրության, սեփական ներուժը հայրենիքին ծառայեցնելու գաղափարները։
Անվճար բուհական և հետբուհական կրթությունը չպետք է երազանք լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ուստի պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի անվճար բարձրագույն կրթությանը փուլային անցման համար։
Գիտության նվաճումների օգտագործման արդյունավետությունը տնտեսության տարբեր ճյուղերում հատկապես ցայտուն կերպով է արտահայտվում մերօրյա իրականության մեջ, ուստի պետությունը պետք է պատշաճ հոգածություն դրսևորի ոչ միայն գիտական հաստատությունների ուսումնական գործընթացներին աջակցություն տրամադրելու, գիտաշխատողներին սոցիալական երաշխիքներ տրամադրելու հարցում, այլև նպաստի գիտական արդյունքների ներդրմանը Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ։ Նման մոտեցումը հնարավորություն կստեղծի գիտաշխատողների համար՝ որպես պատվիրատուներ ունենալ տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների։ Վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող գիտնականի կերպարն ասոցացվի ոչ թե ցածր սոցիալական հնարավորությունների, այլ հասարակության հաջողակ և բարեկեցիկ անդամի կերպարի հետ։
Հայկական մշակույթը հանդիսացել և պետք է շարունակի հանդիսանալ հայ ժողովրդի ազգային դիմագծի կարևորագույն մասնիկը, աշխարհում հայ ժողովրդի ճանաչելիությունն ապահովող առաջնային գործոն։ Հայ ժողովուրդը պատմականորեն ստացել է մշակությային հարուստ ժառանգություն, որի պահպանումն ու պաշտպանությունը հայ ժողովրդի ինքնաճանաչման, նորն արարաելու և զարմացման գրավականներն են։
Պատությունը պետք է ջանքեր գործադրի գործող մշակութային հաստատությունների պահպանման, դրանց թվաքանակի ավելացման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց աշխարհագրության ընդլայնման, մշակութային գործիչների հանդեպ հասարակական հարգանքի ձևավորման և բազմապատկման, մշակութային գործիչների սոցիալական երաշխիքների տրամադրման, հասարակությանը մշակութային արժեքների հաղորդակցվելու հնարավորությունների ընդլայնման, նոր մշակութային արժեքների ստեղծումը քաջալերելու, դրանց համաշխարհային ճանաչմանը նպաստելու ուղղությամբ։

10. Հասարակության անդամների իրավահավասարությունը, խտրականության բացառումը՝ ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ օրենքներին ու միջազգային իրավական ակտերին համապատասխան, պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում՝ բոլոր ժամանակներում՝ անկախ հասարակական առաջընթացի տեմպերից։ Իրավունքների հավասարությունը, խտրականության արգելքը, հասարակության անդամների համար հավասար հնարավորությունների ապահովում պետության կողմից սկզբունքներ են, որոնք վաղուց ամրագրված են թե՛ միջազգային, թե՛ ներպետական իրավական ամենտարբեր ակտերում։ Սակայն այս սկզբունքների ամրագրումը չպետք է կրի բացառապես հռչակագրային բնույթ, դրանք պետք է իրապես կյանքի կոչվեն, կիրառվեն հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։ Պետությունը պետք է ապրահովի հասարակության բոլոր անդամների համար գործնական հավասար հնարավորություններ զբաղվելու ձեռնարկատիրական, գիտական, մշակութային, սպորտային և այլ գործունեությամբ՝ ներդնելով բոլոր ջանքերը ապահովելու համար առաջին հերթին կանանց և տղամարդկանց, հաշմանդամություն ունեցող անձանց լիակատար հավասարությունը՝ իրենց հնարավորությունների իրացման ճանապարհին։

11. Դատական համակարգի անկախությունը պետք է հանդիսանա պետության հոգածության գերակա ուղղություններից մեկը։
Անկախ դատական համակագրը տնտեսության կայունության, հասարակական հարաբերությունների առաջընթացի, ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության, ստեղծագործական ազատության առաջնային խթաններից է։
Պետության գործունեությունը պետք է ուղղված լինի ոչ միայն օրենսդիր և գործագիր իշխանությունից, այլև մասնավոր կառույցներից և անձանցից դատական համակարգի անկախությունն ապահովելուն, Դատական համակարգի անկախությունը արդարացի և օբյեկտիվ դատական ակտեր կայացնելու առաջնային գրավականն է, ինչն իր հերթին կարևորագույն հիմք է իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակի հասնելու, ազատ և կայուն տնտեսություն կերտելու դժվարին ճանապարհին։
Այս առաքելության լավագույնս իրականացման համար պետությունը պարտավոր է ապահովել դատավորների ընտրության և նշանակման առավելագույնս օբյեկտիվ և թափանցիկ համակարգերի ներդնում, դատական համակարգի աշխատակիցների աշխատանքային, այդ թվում շենքային և տեխնիկական, բարենպաստ պայմանների ապահովում, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված աշխատանքների իրականացում, դատական համակարգի աշխատակիցների աշխատանքի վարձատրության պայմանների բարելավում, սոցիալական երաշխիքների շարունակական կատարելագործում՝ փոփոխվող կյանքի պայմաններին համահունչ։

12. Ազատ տնտեսական գործունեության իրականացման ապահովումը, պետական աջակցությունը տնտեսական գործունեության նորարական ճյուղրին, աշխատողների աշխատանքային պայմանների շարունակական բարելավմանը նպաստելը պետք է հանդիսանան պետության տնտեսական քաղաքակության կարևորագույն ուղղություններից։ Պետության տնտեսական քաղաքականության նպատակը պետք է լինի նոր աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, սեփական գործարար գաղափարներն անխոչընդոտ իրագործելու հնարավորությունների տրամադրումը, արտադրողականության բարձրացումը և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի շարունակական աճը։
Գաղտնիք չէ, որ շարունակաբար Հայաստանի Հանրապետությունից տեղի ունեցող մարդկային ռեսուրսների արտահոսքն իր բացասական ազդեցությունն է ունեցել հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա, իսկ տնտեսական գործունեության խթանումը և աշխատանքային պայմանների բարելավումը կարևոր են ոչ միայն Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման, այլև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների վերադարձի, նրանց կենսագործունեությունը հայրենիքում կազմակերպելու տեսանկյունից, ինչն իր հերթին ևս մեկ խթան է հանդիսանալու հայ ժողովրդի ներուժի կենտրոնացման և համազգային միասնության ձևավորման համար։

13. Առողջ քաղաքացին զարգացած և բարեկեցիկ պետության առաջնայիտն գրավականներից է, իսկ հասարակությանի առջողջությունն ուղղակիորեն բխում է այն միջավայրից և բնական պայմաններից, որոնցում ապրում է այդ հասարակությունը, ուստի պետությունը պետք է ապահովի բարենպաստ շրջակա միջավայր՝ հասարակության կենսագործունեության համար։
Շրջկա միջավայրի պեհպանությունը պետք է ելնի շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանման, վերականգնման, վնասազերծման, բնական պաշարների խելամիտ օգտագործման, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխման հրամայականներից։
Քաղաքային, մերձքաղաքային կանաչ գոտիների պահպանումը և ընդլայնումը, հանքաարդյունաբերության, քաղաքաշինության, գիտական հետազոտությունների իրականացման կազմակերպումը շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության հրամայականներին համապատասխան՝ պետության գործունեության կարևորագույն ուղղություններից են։ Անշուշտ, զարգացած տնտեսությունը ենթադրում է զարգացած արդյունաբերություն, սակայն պետությունը պետք է ձեռնարկի համարժեք միջոցներ արդյունաբերական զարգացմանը զուգընթաց շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու, շրջակա միջավայրի վրա արդյունաբերական գործունեության բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ։

Բաժին: Հիմնադիր փաստաթղթեր | Դիտում: 3 | Ավելացրեց: gogulgharibyan | Պատակներ: ՀՀՄ | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություն ընդամենը՝: 0