11:33
ՀՀՄ ԳՄ անդամ Արմեն Գևորգյանի ելույթը ՀՀՄ 3-րդ համագումարում

Մեծարգո նախագահ, հարգարժան նախագահող, հարգելի պատվիրակներ, պատվարժան հյուրեր, սիրելի հայրենակիցներ

Շնորհակալություն այս պատվավոր միջոցառմանը խոսելու իրավունք ընձեռնելու համար։

Ձեզ մո՞տ էլ է այն տպավորությունը, թե 2018 թվականից Հայաստանի հոգեբույժները գործադուլի մեջ են։ Հակառակ դեպքում ինչպե՞ս գնահատել, որ.

  • 2018 թվականին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի նշույլ իսկ չի ունեցել։ Իսկ հիմա դա գոյաբանական մարտահրավեր է դարձել.
  • մեր ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ չէ։
  • Ավելին, այսօր ամբողջ Սյունիքի մարզն է Հայաստանի իշխանությունների վերահսկողություից դուրս մնալու սպառնալիքի տակ։
  • 2018 թվականին Արցախի Հանրապետությունն իր ողջ տարածքով և անվտանգության գոտիներով հայկական վերահսկողության տակ էր։
  • Այսօր այն արդեն ոչ միայն հայկական վերահսկողության տակ չէ, այլև գեթ մեկ հայ այդ տարածքում չի մնացել.
  • դեռևս կանգուն են մեր եկեղեցիները, հուշարձանները, մեր տներն ու գերեզմանները, բայց մեր հոգատարության ներքո չեն՝ անձամբ այսօրվա իշխանության ղեկավարի գլխավոր մեղավորությամբ։
  • Այո, 2018 թվականին էլ Խաղաղության պայմանագիր չկար։ Բայց 1994 թվականից կար Հրադադարի պայմանագիր և խաղաղության շուրջ բանակցությունների գործընթաց՝  Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո՝ երեք գերտերությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ ու երաշխավորությամբ։
  • Այսօր բանակցությունների այդ ձևաչափը լուծարված է։ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, եթե դա կարելի է «Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ» անվանել,  մեզ հետ 30-ամյա հակամարտող կողմը՝ Ադրբեջանն է այսօր մեր խաղաղության չակերտավոր «երաշխավորը»։

Սա է գժանոցը, բարեկամներ։

30 տարի բանակցում և 30 տարի խաղաղ ապրում էինք երկու հայկական պետություններում։ Բայց եկավ մի պատուհաս և որոշեց դուրս գալ բանակցություններից։

Ի՞նչ է նշանակում բանակցություններից դուրս գալը։ Դա նշանակումէ, որ դադարում է Հրադադարի պայամանը՝ այս դեպքում՝ 1994 թվականից գործողության մեջ մտած պայմանը։

Եթե այլևս հրադադարի պայմանը չի գործում, բնականաբար անխուսափելի են դառնում պատերազմական գործողությունները։

2018 թվականին այս ամենը հստակ գիտակցել է իշխանության եկածը։ Այն, որ ասում ենք պատերազմը նա է հրահրել, հենց սա նկատի ունենք։

Որքան «կռուտիտներ» էլ անեն, միևնույն է՝ իրողությունը մնում է իրողություն։

Թե ինչո՞ւ եմ այսպիսի պատվավոր միջոցառմանը գործածում «կռուտիտ» բառը, կմեկնաբանեմ քիչ անց։

Բարեկամներ, պատերազմի հրահրումը մեծագույն հանցագործություն էր Հայաստանի ու Արցախի քաղաքացիների նկատմամբ։ Ասեմ ինչու է հանցագործություն։

Երկու ամիս առաջ, Հայաստանի իշխանությունը՝ ընդդիմության 4-ամյա ճնշման ներքո ի վերջո ստիպված եղավ հրապարակել 2018-19 թվականներին բանակցությունների սեղանին դրված խաղաղության փաստաթուղթը։

Այդպիսով հաստատվեց, որ 2019 թվականին Մինսկի խմբի կողմից Հայաստանի իշխանություններին է ներկայացվել Խաղաղության ծրագիր։ Սա նշանակում է, որ ներկայացված Խաղաղության ծրագիրը Ամերիկան, Ֆրանսիան և Ռուսաստանը իրար հետ նախապես համաձայնեցրել են։

Սակայն, Հայաստանի իշխանության ղեկին հայնված անձը Խաղաղության այդ ծրագիրը թաքցրել է մեր ժողովրդից։ Եթե հիշում եք, այդ ժամանակ նա հայտարարում էր, որ ոչ մի բանակցվող փաստաթուղթ էլ չկա։

Եվ միայն 2021 թվականին Մինսկի խմբի նախկին համանախագահներից Պոպովի՝ Ռուսաստանի Դաշնության Արտգործնախարարության կայքում հրապարակած հոդվածից իմացվեց, որ 2019 թվականին քննարկվող փաստաթուղթ իսկապես եղել է։

Հարգելի ներկաներ, այս իշխանության մեծագույն հանցագործությունը ոչ միայն այդ փաստաթղթի գոյությունը ժողովրդից թաքցնելն է, այլև՝ Խաղաղության առաջարկվող ծրագրի մերժումն է, ինչի հետևանքով ստացել ենք պատերազմ, մարդկային, տարածքային, ռազմական, նյութական ահռելի կորուստներ, Արցախի բռնի հայաթափում։

Այնինչ, Խաղաղության այդ ծրագիրը ստորագրելու դեպքում, ամբողջ Արցախը՝ Լաչինի և Քելբաջառի շրջանների հետ միասին, տասնյակ տարիներով մնալու էին հայկական վերահսկողության ներքո։ Հակամարտող կողմերի զորքերն էլ կիլոմետրերով հետ էին քաշվելու դեպի իրենց թիկունք։

  • Այսինքն ռազմաճակատի գիծ չէր լինելու։ Այստեղ տեղակայվելու էին ՄԱԿ-ի Անվտանգության բազմազգ խաղաղապահ ուժերը, որոնցից ընդամենը մի մասն էին լինելու ռուսական։
  • Այսինքն Արցախի անվտանգության գոտու 5 շրջանները՝ այսպես կոչված «գրավյալ տարածքները», ոչ թե անմիջապես էին հանձնվելու Ադրբեջանին, այլ հանձնվելու էին խաղաղապահ ուժերի վերահսկողությանը։
  • Խաղաղապահ ուժերն այդ «գրավյալ տարածքներում» մնալու էին մինչև հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև բարիդրացիություն հաստատվելը։
  • Հասկանում եք, չէ՞, թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև բարիդրացիության հաստատումը քանի տարի էր տևելու։ Տա՞ս տարի։ Դժվար թե տաս տարում բարեկամանայինք ադրբեջանցիների հետ։ Քսան տարում էլ հաշտ չէինք լինելու։
  • Ասվածը նշանակում է, որ առնվազն 50, 100 տարի ևս Արցախը մնալու էր արցախցիներին։

Ահա այս ծրագիրն է մերժել Հայաստանի ղեկին հայտնվածը։

  • Այնուհետև, Հայաստանի միանձնյա իշխանությունը հրաժարվել է ամբողջապես կատարել 2020 թվականի նոյեմբերին 9-ին իր իսկ ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները։
  • Մասնավորապես հրաժարվել է ռուսական վերահսկողությամբ Ադրբեջանին Հայաստանի միջով դեպի Նախիջևանի անցուղի տալուց։ Այդ էր պատճառը, որ կորցրեցինք Լաչինի միջանցքը պահելու միջազգային իրավունքից։ Այդ պատճառով էր, որ Արցախն ամբողջությամբ շրջափակվեց։
  • Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրեց Արցախի վերջնական հանձնման փաստաթուղթը։ 

Հայրենակիցներ, հենց սա է իշխանությունը երկարաձգելու սրանց գլխավոր մոտիվացիան։ Որովհետև այստեղ՝ մեր երկրում իշխանությունը կորցնելուց հետո նրանք հայտնվելու են Հայաստանի Հանրապետության դատարանում և ոչ թե Բաքվի։

Հիմա նրանք ծառայում են այն օտար ուժերին, որոնք չեն դատելու սրանց։ Սա էլ նրանց այսօրվա վարած հակահայկական քաղաքականության մոտիվացիան է։

Նույնիսկ ավելորդ եմ համարում ասել, թե ինչպես պետք է քվեարկել առաջիկա ընտրություններին։

Եկեղեցու մասին։ Ինչու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անջատ պետությունից։

Գիտեք՝ օրենքով է անջատ։ Սահմանադրությամբ է անջատ։ Դա առաջին հերթին նշանակում է, որ Հայաստանը աշխարհիկ պետություն է։ Այսինքն՝ կրոնապետություն չէ, ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Բայց ինչու է այսօր, որպես կառույց, թիրախավորված հատկապես թշնամի պետությունների, նաև այս իշախնությունների կողմից։

Որովհետև, սիրելի հայրենակիցներ, եթե պետությունը վերանա, ինչպես դա եղել է մեր պատմության շուրջ 600 տարիների ընթացքում, այս կառույցն է՝ Եկեղեցին է ողջ հայությանը համախմբած պահելու մինչև նոր պետություն ստեղծումը։

Ուստի, Եկեղեցու թիրախավորումն անմիջականորեն ուղղված է պետության կազմալուծմանը, ինչի ականատեսն ենք 2018 թվականից։

Հիշեցնեմ, որ ավելորդ եմ համարում ասել, թե ինչպես պետք է քվեարկել առաջիկա ընտրություններին։

«Կռուտիտի» մասին։

Եվ այսպես, ինչո՞ւ այս պատվավոր դահլիճում «կռուտիտ» բառն օգտագործեցի։

  • Որովհետև «կռուտիտը» հասարակությանը զանգվածային մոլորության մեջ պահելու գործիք է։
  • «Կռուտիտը»՝ «ֆռռացնելը» ամենացածր մակարդակի խաբեությունն է։ «Կռուտիտով» խաբել հնարավոր է միայն մտավոր կարողությունների հետ խնդիրներ ունեցող կամ ստորագույն, կամ պարզապես անտեղյակ  մարդկանց։
  • Անտեղյակ մարդկանց առումով խնդիրը հեշտ է։ Այսինքն նրանց, ում ընդունված է տգետ համարել։ Նրանց հետ հեշտ է։ Որովհետև տգիտությունը, ըստ էության, ինֆորմացիայի պակասն է։ Մարդուն տալիս ես ճիշտ ինֆորմացիա և մարդը տեղում դադարում է տգել լինել։
  • Անձնական փորձով եմ համոզվել, որ միջին վիճակագրական նիկոլականին ճշգրիտ ինֆորմացիա փոխանցելու դեպքում, մարդը դառնում մեր նման սովորական մարդ։
  • Վերջին հաշվով հո բոլոր նիկոլականները դավաճաններ չե՞ն։ Հո բոլորը իշխանություններից սնվող կամ գրանտակեր չե՞ն։ Պարզապես հայրենասիրությունը նրանց աղավաղված է մատուցել։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում 2018 թվականից առայսօր ընթացող հասարակությունը պառակտող գործընթացները։ Իրականում տեղի է ունենում մոլորյալների հավաքագրում։ «Կրթությունը նորաձև է» շարժումը վկա։

Բայց խնդիրն այստեղ մի քիչ այլ է. սրանք իրենց լրատվական ռեսուրսներով՝ հասանելի են առնվազն մեր բնակչության 80 տոկոսին՝ մոտ 2 միլիոն մարդու։ Թվեմ ռեսուրսները. դրանք են.

  1. Ամենահասանելի Հ1-ը և հեռուստա- և ռադիո- ալիքները, լրատվական կայքերն ու մամուլը՝ քաղաքագետ կամ վերլուծաբան կոչվածներով հանդերձ,
  2. սոցցանցերը՝ ֆեյքերի ֆաբրիկաներով, նաև, ըստ պրոֆեսոր Արթուր Խաչիկյանի հրապարակած փաստաթղթերի՝ քաղհասարակության, այսինքն ՀԿ-ների միջոցով աշխատավարձ ստացող և 24/7 ռեժիմով աշխատող մոտ 2.300 ստատուսագիրները, որոնք նույն «ինոագենտներն» են՝ փողով սեփական պետության դեմ գրողները,
  3. ինչպես նաև հավաքագրված տաքսիստների քարզչական գվարդիան, և այլն։

Դե  տղա եք, այս խառնաշփոթում գտեք ճշմարտությունը։ Այսպես են հասարակությանը զանգվածաբար մոլորեցնում։

Նորից կրկնեմ, որ ավելորդ եմ համարում ասել, թե ինչպես պետք է քվեարկել առաջիկա ընտրություններին։

Հարգելի ներկաներ, ասելիքս համեմատ ելույթի համար նախագահությունից խնդրել էի շատ քիչ ժամանակ, ընդամենը 3 ժամ, բայց կուսակցության Գործադիր մարմինը ձեր առողջության մասին մտահոգվելով՝ տրամադրեց 10 րոպե, ինչի համար ինքս էլ եմ շնորհակալ եմ՝ չասվածը թողնելով հետագա ելույթներին կամ հարցազրույցներին։

Շնորհակալ եմ ինձ դիմանալու համար, շնորհակալ եմ ինձ խոսք տրամադրելու համար, շնորհակալ եմ մեր առաջնորդ Միհրան Պողոսյանին՝ դրսևորվելու և գործելու հնարավորություն ընձեռնելու համար։

Այսօր այսքանը։

Բաժին: Գործադիր մարմին | Դիտում: 10 | Ավելացրեց: armenlur | Պատակներ: Միհրան_Պողոսյան, ՀՀՄ, ՀՀՄ 3-րդ համագումար, Արմեն_Գևորդյան | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություն ընդամենը՝: 0
avatar