11:15 ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի բացման ելույթը ՀՀՄ 3-րդ համագումարում | |
|
Հարգարժա՛ն հյուրեր, Ողջունում եմ բոլորիդ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության 3-րդ համագումարում: Մեր կուսակցությունը ստեղծվեց Արցախի կորստի և թշնամու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժելուց անմիջապես հետո։ Պարտված պատերազմի հետևանքները, Արցախի հայաթափամումը, Բաքվի բանտերում հայտնված մեր հայրենակիցները, Հայաստանի տարածքների զավթումը, գործող իշխանության նվաստացուցիչ կեցվածքը չէին կարող անտարբեր թողնել մեզ։ Մենք հիմնեցինք «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը՝ նպատակադրվելով համախմբելու հայի տեսակը, նպաստել ամբողջ հայության ներուժի միավորմանը՝ բոլոր նրանց ում միևնույն չէ Հայաստանի Հանրապետության ապագան և արցախահայության ճակատագիրը։ Երկու տարի առաջ հայտարարեցինք, որ մենք աշխարհում ոչ մի հայի հետ խնդիր չունենք, ձեռք ենք մեկնում բոլորին, այդ թվում՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներին։ Բոլորին՝ բացի մեկ անձից։ Նա՝ ով առայժմ զբաղեցնում է երկրի վարչապետի աթոռը, ով հանուն այդ աթոռի դարձավ պարտության, հազարավոր զոհերի, Արցախի կորստի և արցախահայության վտարանդի դառնալու պատճառ։ Այսօր վերահաստատում ենք մեր խոսքը՝ ձեռք ենք մեկնում բոլորին, բացի մեկ անձից։ Եվ այդ անձը մեկընդմիշտ պետք է հեռացվի։ Նիկոլի անունը պատմության մեջ արդեն դաջվել է որպես դավաճանության և պարտության խորհրդանիշ՝ դառնալով մատաղ սերունդների համար ուղեցույց, թե ինչպիսին չպետք է լինի Հայը։ Այսօր վտանգված է Հայրենիքը, վտանգված է պետությունը, վտանգված է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, վտանգված է ամբողջ հայությունը։ Հայտնի հեքիաթի օրն ենք ընկել, երբ կկուն ձագերին հերթով հանձնում է աղվեսին՝ ինքն իրեն ու բոլորին խաբելով, թե ամեն ինչ լավ է՝ տիրում է խաղաղություն․․․ Նիկոլը Ադրբեջանին է հանձնել 12 քաղաք, 241 գյուղ, 13550 տուն (որոնց 30 տոկոսը՝ ավելի քան 100-ամյա հնության), 11450 բնակարան, 385 եկեղեցի, 60 ֆաբրիկա, 15 գործարան, 200 մշակույթի տուն, 9 մշակույթի կենտրոն, 25 թանգարան, 232 դպրոց, 7 քոլեջ, 4 համալսարան, 11 արվեստի դպրոց, 400 միջնադարյան գերեզմանոց, 60 վանական համալիր, 2385 խաչքար, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան, 4 ջրամբար, 5 ջրանցք, 37 հիդրոէլեկտրակայան, 48 հանք, 11 հիվանդանոց, 230 բուժկետ… Ոչինչ չի մնա եթե այս ապաշնորհ իշխանությունը վերարտադրվի։ Բոլոր կարմիր գծերն այլևս հատված են։ Այսօր, երբ հազարամյակներով անցած հայկական Արցախում գեթ մեկ հայ չի մնացել, երբ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատապարտվում է ցմահ ազատազրկման, երբ թշնամու զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում են՝ գործող ռեժիմը դարձել է սպառնալիք բոլորիս համար։ Նիկոլի վերարտադրումը հավասարազոր է Հայոց պետականության կործանմանը։ Մենք չենք կարող հաշտ լինել այս իրավիճակի հետ։ Ուստի մերժում ենք սին խոստումներով, չդադարող նվաստացումներով ու պարտադրանքներով «խաղաղություն» ասվածը։ Մենք արժանապատիվ խաղաղության կողմնակիցն ենք։ Մինչդեռ գործող իշախանությունը անընդհատ նոր վտանգներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Փաստացի Ադրբեջանն ու Թուրքիան առանց լուրջ ջանքերի պարտադրում են Նիկոլին ստորագրել ցանկացած փաստաթուղթ՝ առաջ քաշելով նոր պահանջներ։ Այս համատեքսում «Թրամփի ուղին» (TRIPP), այն տեսքով ինչպիսին որ ներկայացված է, անվտանգային լուրջ սպառնալիքներ է պարունակում։ Հայաստանը ոչ միայն կտրվում է Իրանի հետ ռազմավարական նշանակության հաղորդակցման ուղիներից ու մեկուսանում Ռուսաստանից, այլև հայտնվում է թուրք-ադրբեջանական ծուղակում՝ ուղիղ հարվածի տակ դնելով Սյունիքը։ Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ պետությունը ճանապարհային նախագծերի անվան տակ ոչ միայն մնում է դատարկաձեռն, այլև ունենում է տարածքային կորուստներ։ Օրինակ՝ 1956 թվականին Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը հայտարարեց Սուեզի ջրանցքի ազգայնացման մասին՝ պնդելով, թե Սուեզի ջրանցքը Եգիտոսի իշխանության տակ է։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնթոնի Իդենը կտրուկ հակադարձում է՝ հայտարարելով, որ Սուեզի ջրանցքը միջազգային վերահսկողության տակ է, որն իրականացնում են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Ջրանցքի տնօրինման 75%-ը Եգիպտոսը հանձնել էր Ֆրանսիային, իսկ մնացած 25%-ը վաճառել Մեծ Բրիտանիային՝ քանի որ չէր կարողացել ֆինանսավորել դրա շահագործումը։ Իդենը Եգիպտոսի նախագահի գործողությունը որակում է որպես միջազգային պայմանագրերի խախտում։ Նա հայտարարեց, որ եթե դիվանագիտությունը չօգնի, ապա Մեծ Բրիտանիան ուժ կկիրառի։ Եվ կիրառեց․ Մեծ Բրիտանիան՝ Ֆրանսիայի և Իսրայելի հետ միասին, ներխուժեցին Եգիպտոս։ Պատերազմը տևեց 9 օր։ Եգիպտոսը ընդունեց իրեն ներկայացված բոլոր պահանջները։ Եվս մեկ օրինակ՝ 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը Չինաստանը կորցրեց մոտ 35 տարածք։ Օտարերկրյա պետությունները պահանջում էին տարբեր քաղաքների և նավահանգիստների վրա վերահսկողություն։ Նշված ժամանակահատվածում Չինաստանը ենթարկվեց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ճնշումներին։ Տերությունները պարտադրեցին իրենց պայմանները և ստեղծեցին սեփական անկլավներ Չինաստանի տարածքում: Չինաստանը հարկադրաբար համաձայնվեց առաջ քաշված բոլոր պահանջներին։ Հետագայում այս ժամանակշրջանը կոչվեց «Չինաստանի նվաստացման դարաշրջան»։ Այս և նման պատմական օրինակները փաստում են, որ ինքնիշխանության պահպանում որևէ պարագայում չի կարող լինել, երբ երկիրը իր տարածքը վերահսկելու նպատակով զիջում է այլ պետությանը կամ կազմակերպությանը։ Այսօր փաստացի գործող վարչախումբը քայլ առ քայլ երկիրը հանձնում է թշնամուն։ Ընդ որում ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործընթացն անդառնելի լինի։ Եթե Նիկոլը մնա իշխանության, ապա նորանոր կորուստներ ենք ունենալու՝ ընդհուպ մինչև Հայաստանի կործանում։ Շատ արագ 300.000 ադրբեջանցի կհաստատվի Հայաստանում։ Ընդամենը մեկ սերունդ հետո ադրբեջանցիների թիվը Հայաստանի Հանրապետությունում կտրուկ կավելանա ու կտրվի պետության գոյության հետհաշվարկը։ Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում կտեսնենք Հայաստանում։ Սևանը կդառնա Գյոկչա, Երևանը՝ Էրիվան, Էջմիածինն էլ` Ուչմուածին... Ցավոք, մեր հասարակության ինչ-որ մի զանգված սեփական փորը լցնելու համար պատրաստ է հանձնել Հայաստանը։ Արցախի ժամանակավոր կորուստը դաս չի եղել մեզ համար։ Վերջին 7 տարիներին Ալիևը ինչ ուզեց՝ ստացավ։ Նիկոլի ոճը՝ շոուներով կերակրել ժողովրդին դարձել է աշխատող գործիք՝ շարունակելով իր կեղտոտ ու աղետաբեր գործը։ Նիկոլը ժխտում է սեփական ժողովրդի ինքնությունը, պատմությունն ու կենսագրությունը։ Նա տաղանդավոր ձևով կարողանում է պարտությունը ներկայացնել իբրև հաղթանակ։ Տգիտություն, անհեռատեսություն, քինախնդրություն ու արկածախնդրություն՝ սա է Նիկոլը։ Նա իրեն վեր է դասում անգամ Հայաստանի Հանրպետությունից և ատում սեփական ժողովրդին։ Որպես ասվածի ապացույց՝ գործող վարչախմբի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող խայտառակ արշավն է։ Այն ինչ այսօր տեղի է ունենում, հակասում է մեր պետական շահերին ու ազգային արժեքներին։ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ ի պաշտպանություն հավատքի, ազգային ինքնության և համազգային միասնության։ Գիտակցելով ստեղծված իրավիճակն ու առկա սպառնալիքները մենք անելու ենք հնարավորինը կանխելու այս մահաբեր գահավիժումը։ Մեր առաքելությունն է՝ քշել նիկոլիզմը Հայաստանից: Ստեղծված իրավիճակը պարտադրում է ստեղծել այնպիսի համախմբում, որն ընկալելի կլինի հայ ժողովրդի համար։ Ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն սեփական ամբիցիաներն ու տարաձայնությունները և լծվեն միայն ու միայն մեկ գործի՝ օր առաջ հեռացնել Նիկոլին։ Հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, բայց դառնալու է Արևմտյան Ադրբեջան։ Հայ ժողովրդի պատմությունն ունեցել է շատ ավելի ծանր ժամանակներ և անցել է այդ փորձությունների միջով։ Մեր ժողովուրդն արժանապատվորեն հաղթահարել է այդ փորձությունները։ Հանուն այսօրվա և վաղվա սերունդների մենք պարտավո՛ր ենք ունենալ արժանապատիվ և անվտանգ պետություն։ Ինչպես արդեն նշեցի, ստեղծված իրավիճակում մենք իրավունք չունենք անտարբեր լինել տեղի ունեցողին։ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը պարտադիր կմասնակցի 2026 թվակականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին։ Մենք մասնակցելու ենք միասնական ճակատով՝ մեծ կոսոլիդացիայով։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Շնորհակալ եմ: | |
|
| |
| Մեկնաբանություն ընդամենը՝: 0 | |
